ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (ծն. մոտ 1350–1425), հայ տաղերգու, փիլիսփա, քերական, երաժշտության տեսաբան, եկեղեցական գործիչ։ Կրթությունն ստացել է Տաթևի համալսարանում, աշակերտել Հովհան Որոտնեցուն և Գրիգոր Տաթևացուն, որի քրոջ որդին էր։ 1407-ից Սյունյաց արքեպիսկոպոսն էր։ Մեծապես նպաստել է Տաթևի գիտա–լուսավորական կենտրոնի բարգավաճմանը։ Ա.Սյունեցու ստեղծագործությունը գաղափարական տեսակետից բարդ և հակասական է։ Նա անհրաժեշտ է համարել հայ ժողովրդի ազգային ավանդներն ու լուսավորչական դավանանքն անաղարտ պահելը, բայց և իր երկերում արտացոլել է քրիստոնեական դավանանքի նկատմամբ այն թերահավատությունը, որ ծլարձակել էր իրականության մեջ։ Ա.Սյունեցու գեղարվեստական լավագույն գործը «Ադամգիրք»–ն է (1403, հրատ. 1799), որը պարունակում է երեք պոեմ։ Հենքը Ադամի ու Եվայի մեղանչման, դրախտից նրանց արտաքսման աստվածաշնչային ավանդությունն է։ Ա.Սյունեցու քնարերգությանմբ, հոգեբանական անցումներով է պատկերել առաջին զույգի մարդկային տառապանքը։ «Ադամգիրք»–ը կորսված դրախտի արևելյան մի տարբերակ է. այդ տեսակետից ունի համաշխարհային նշանակություն։ Այդ երկին սերտ աղերսվում է «Դրախտագիրք»–ը։ Երկրային դրախտից արտաքսված, տառապանքի դատապարտված մարդկությանը Ա.Սյունեցին ցանկանում է առաջնորդել երկնային վայելքների հավիտենական դրախտը։ Հակադիր պատկերների զուգորդմամբ ձգտում է սեր արթնացնել բարու և արգահատանք՝ մեղքի նկատմամբ։ Ա.Սյունեցին գործածել է ժող. բառաձևեր, տաղաչափական հնարանքներ։ Նա ակրոստիքոսի վարպետ էր։ Ա.Սյունեցու փիլիսոփայության մեջ շեշտված է կրոնա–իդեալիստական կողմը. գտնում էր, որ առանց Աստծո գաղափարի փիլիսոփայությունը չի կարող գոյություն ունենալ։ Դա նահանջ էր Տաթևի դպրոցի աշխարհիկ գիտա–փիլիսոփայական առաջավոր դիրքերից։ Իմացաբանության մեջ Ա.Սյունեցին պաշտպանել է Տաթևի դպրոցի զարգացրած առաջադեմ նոմինալիստական և սենսուալիստական գաղփարները։ Ըստ Ա.Սյունեցու, աշխարհի ծանաչումն առանց զգայարանների հնարավոր չէ։ Ա.Սյունեցին զբաղվել է նաև երաժշտության տեսության հարցերով։Ա.Սյունեցու «Ադամգիրա»–ը հորինվածքով դրամատիկական երկ է։ Ենթադրվում է, որ ունեցել է երաժշտական ձևավորում, ներկայացվել որպես միստերիա։ Նրանից մեզ հասած հոգևոր տաղերը երաժշտական առումով վերջնականապես ուսումնասիրված չեն։